Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Բոդիբիլդինգի Հայաստանի 2013թ. առաջնությունը: Մեդալները խաղակրվեցին 3 քաշային կարգերում (մինչև 70 կգ, մինչև 90կգ և 90կգ+ ): Չեմպիոնների համար սահմանված էին դրամական պարգևներ (5000 ԱՄՆ դոլար` չեմպիոնին, 2-րդ տեղ՝ 2000 դոլար, 3-րդ տեղ՝ 1000 դոլար, բացարձակ չեմպիոն՝ 8000 դոլար): Ուժի և գեղեցիկության համադրման պայքարի մեկնարը տրվեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ելքով:
«Կոնան» մարզասրահի ներկայացուցիչներ Վարդուհի Մկրտչյանը, Մարիա Գրիգորյանն ու Աստղիկ Մնացականյանը ցուցադրեցին իրենց գեղեցիկ կազմվածքը: Սա աննախադեպ էր հայկական բոդիբիլդինգի պատմության մեջ, և հնարավոր է՝ աղջիկների ելույթը հարթակ հանդիսանա, որպեսզի հետագա տարիներին մեդալների համար պայքարին ներգրավվեն նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
«Աղջիկներն իմ մարզուհիներն են, ներկայացնում են «Կոնան» մարզասրահը: Եթե մրցակցությունը մեծանա, ապա հաջորդ տարիներին կկազմակերպվեն մրցումներ նաև աղջիկների համար»,- 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց Հայաստանի բացարձակ չեմպիոն Գագիկ Տոնոյանը:
«Դեռևս մյուս տարվա համար չեմ կարող ասել՝ մրցմանը կմասնակցեն աղջիկներ, թե ոչ, բայց եթե նրանց թիվն ավելանա, հասնի 15-20-ի, ապա իրենց համար նույնպես մրցումներ կկազմակերպենք»,- 1in.am Sport-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բոդիբիլդինգի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը: