Թուրքական Haber Politik կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սպասում է վարչապետ Էրդողանի հայտարարությանը։
Դրա պատճառն այն է, որ PKK-ի հայտարարած զինադադարի ժամկետն ավարտվում է հունիսի 15-ին։ Այս կապակցությամբ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) ներկայացուցիչ Ալթան Թանը հայտարարել է, թե բոլորին է հայտնի, որ Էրդողանն ընտրություններին հաջորդած 3 օրերի ընթացքում ոչինչ չի կարող ձեռնարկել Քրդական հարցի ուղղությամբ։ Դա մասնավորապես վերաբերում է սահմանադրական բարեփոխումներ անցկացնելուն։
Թանը, սակայն, կարծում է, որ իրավիճակը լիցքաթափելու համար Էրդողանը պետք է հանդես գա հատուկ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ առավել վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, թե PKK-ի հիմնադիր, Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը զինադադարը երկարաձգել է ևս երկու ամսով՝ մինչև օգոստոսի 15-ը, որպեսզի Էրդողանը, որի կուսակցության հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ժամանակ ունենա գործուն քայլեր կատարելու Քրդական հարցի լուծման ուղղությամբ։