«Ազգ»-ը գրում է, որ Հայոց ցեղասպանության օրինագիծը վերստին ընդգրկվելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում։ Այդ մասին Վաշինգտոնից տեղեկացրել է ANF նորությունների գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է. «Հայոց ցեղասպանության օրինագիծը, որը լարվածություն էր առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, վերստին կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Ստացած տեղեկությունների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նամակ է հղել կոնգրեսականներին, որպեսզի հունիսի 14-ին օրինագիծը մտնի Կոնգրես: Նամակում կոչ է արվում «Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման» օրինագծի համար կազմակերպել ստորագրահավաք և նշվում է, որ այս նոր օրինագիծը համահունչ է լինելու նախորդ տարվա օրինագծին:
Նամակում Հայոց ցեղասպանությունը բնութագրվում է որպես պատմական փաստերով հաստատված իրողություն, միաժամանակ նշվում է, որ այդ իրողությանը 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս արձանագրել են Օսմանյան Թուրքիայում ծառայող ամերիկացի դիվանագետներն ու ժամանակակից ամերիկյան թերթերը»: