Թերթը հայտնում է, որ երեկ Արարատի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի խմելու և կենցաղային օգտագործման ջրի հսկիչը գյուղացիներին զգուշացրել է, թե՝ «Ջուր հավաքեք-պահեք, մեկ շաբաթ ջուր չի լինելու: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հողերն են ջրելու»:
«Այն, որ ոռոգման ջրերը հողի համար առավել սննդարար են, քան աղբյուրինը, բոլորին է հայտնի: Սակայն երբ Աբրահամյանի մարդիկ ընտրել են երկրորդ տարբերակը կամ երկուսը միասին, խոսում է այն մասին, որ գյուղնախարարության հեքիաթներին հակառակ՝ մարզում ոռոգման ջրի խնդիր կա»,- գրում է թերթը և հավելում. «Ի դեպ, հսկիչը «մխիթարել է», թե իրենք մենակ չեն՝ հարակից երկու գյուղերը ևս բախտակից են: Գյուղում, որտեղ գյուղացիներին զգուշացվել է, շաբաթական 2, լավագույն դեպքում 3 անգամ են ջուր տալիս, այն էլ մի քանի ժամով, մինչդեռ Աբրահամյանի ծննդավայրում՝ Մխչյանում, շուրջօրյա ջրամատակարարումն ապահովված է»: