Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը կկանգնի դատարանի առաջ՝ պետական դավաճանության մեղադրանքով` հաղորդում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՆԳ նախարար Չաուդխուրի Նիսար Ալի Խանը:
«Գերագույն դատարանի որոշմամբ և զեկույցի համաձայն, որը ներկայացրել է քննչական հանձնաժողովը, որոշում է կայացվել Սահմանադրության 6-րդ հոդվածի համապատասխան դատական գործ սկսել գեներալ Փերվեզ Մուշարաֆի հանդեպ»,- ասել է նախարարը:
Դատական գործընթացի պատճառ է հանդիսացել 2007 թ. երկրում արտակարգ դրության ժամանակ Գերագույն դատարանի դատավորներից մեկի անօրինական ձերբակալությունը: Եթե Մուշարաֆի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն:










































