ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 78 ընկերություններից 16-ից տեղեկատվություն էր պահանջել կաթնամթերքի գների գոյացման վերաբերյալ: «Աշտարակ կաթ»-ը դրանցից խոշորագույնն է: Ավելին՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերությունների կողմից տրամադրված պարզաբանումները գների բարձրացման վերաբերյալ այնքան էլ արժանահավատ չեն: «Քանի որ «Աշտարակ կաթ»-ը ամենախոշորն էր, որոշում կայացվեց ստուգումներն սկսել հենց այդ ընկերությունից: Բացի այդ, «Աշտարակ կաթ»-ը գները ամենաշատն է բարձրացրել: Ստուգման արդյունքում ձեռք բերված փաստերը կհամադրվեն, և արդյունքում կորոշվի՝ գերիշխող ընկերությունները գները կիջեցնե՞ն, թե՞ կշարունակեն նույն գներով իրացնել իրենց արտադրանքը»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղարը: