«Ոչ ոք ոչինչ չհասկացավ, սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմն արդեն հայտարարված է։ ԱՄՆ-ը արդեն պատերազմում է Ռուսաստանի դեմ, նույնիսկ եթե դա դեռևս թեժ պատերազմ չէ»,-գրում է ֆրանսիական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակից Ալեն Ռոդիեն Atlantico պորտալի իր հոդվածում, որը նվիրված է ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերություննեերին և Սիրիայում հարվածներին։
Հոդվածագիրը նշում է, որ թուրքերի կողմից 2015 թվականի նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցումը վրեժխնդրության ենթարկվեց, և որ վերջերս Դեր Զորում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների մահը նույնպես առանց պատասխանի չի մնա։
Ինչպես նշում է հեղինակը, հենց այն բանից հետո, երբ ոչ միանգամից և միջնորդավորված ձևով թուրքական ուղղաթիռ խոցվեց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ու հռետորաբանությունն արմատապես փոխվեցին՝ անցնելով առճակատումից համագործակցության։
Ֆրանսիացի նախկին հետախույզի կարծիքով՝ ռուս վարձկանների մահվան պատասխան պարտադիր կլինի, և կլինի այնտեղ, որտեղ ոչ ոք չի սպասում։ Նա կարծում է, որ պատասխանը ոչ թե վրեժի, այլ ռազմավարության հարց է. թողնելով հարվածն անպատասխան՝ Սիրիայում Ռուսաստանի կողմից այդպիսի դժվարությամբ ձեռք բերած ազդեցությունն ու կշիռը կարող են արագ վերանալ։