Ինչպես տեղեկացնում է INTERFAX-ը, Բիշքեկի ռազմական գործերով դատարանն այսօր սկսում է ապրիլի 7-ին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների փաստերով քրեական գործի քննությունը:
Դատական նիստը կանցկացվի դռնբաց,- INTERFAX-ին հայտնել են երկրի Գերագույն դատարանից: Այս քրեական գործով անցնում է 28 մեղադրյալ, որոնցից 6-ը գտնվում ենՂրղզստանի տարածքից դուրս և հետախուզվում են: Նրանց կդատեն հեռակա կարգով:
Մեղադրյալների թվում է Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, նրա կրտսեր եղբայր Ջանիբեկ Բակիևը, ավագ որդին` Մարատ Բակիևը, հատուկ ծառայության նախկին պետ Մուրատ Սութալինովը: Բացի այդ, մեղադրյալների աթոռին կհայտնվեն «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները: Բոլորին առաջադրված է մեղադրանք` պաշտոնեական դիրքի չարաշահման, երկու և ավելի մարդկանց սպանության հատկանիշներով: