Ամփոփվել են «Ազգային ապրանքանիշ №1» մրցույթի արդյունքները, որտեղ սպառողն էր ընտրում հաղթողներին` քվեարկելով այս կամ այն արտադրողի օգտին:
«Սպառողներն իրենք են առաջարկել այս կամ այն արտադրողի անունը, ոչ մի անուն նախապես առաջարկված չի եղել»,- նոյեմբերի 5-ի մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Սպառողների աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ Աշոտ Միրզոյանը:
Մրցույթն անց է կացվել 10 անվանակարգերում` հյութ, մսամթերք, գինի, պանիր, թթվասեր, հանքային ջուր, կոնյակ, պահածոներ, զովացուցիչ ըմպելիքներ, չրեր:
Լավագույն թթվասեր է ճանաչվել «Աշտարակ-Կաթի» արտադրած թթվասերը: Սպառողների աջակցության կենտրոնի կազմակերպած քվեարկության արդյունքում մասնակիցների 19,2 տոկոսը նախապատվությունը տվել է ընկերության արտադրած թթվասերին։
Քվեարկությունը, որն ուղղված է սպառողների միջոցով որոշելու սննդի հայրենական արտադրության ամենաժողովրդական ապրանքանիշերը, տևել է հոկտեմբերի 10-31-ը armproduct.am կայքում։ Բացի թթվասերից, սպառողները նշել են նաև իրենց սիրելի կոնյակի, հյութի, գինու, չրեղենի, մսամթերքի, հանքային և սովորական ջրի, պանրի, պահածոների ապրանքանիշերի անունները։









































