Ո՞ւմ է «քցել» Պուտինի ընկեր Արա Աբրահամյանն այս անգամ․ Հայ մեծահարուստին պատկանող «Սոգլասիա»-ն՝ սկանդալի կենտրոնում

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխին հերթական «սև ամպերն են կուտակվում»։ Օրերս «Առաջին լրատվական»-ն անդրադարձել էր Աբրահամյանի և ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանի միջև առկա վեճին, որն արդեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է։ Հիշեցնենք, որ Ռուբեն Գրիգորյանի հիմնադրած՝ «2Ն Քոմփընի» ընկերությունում Արա Աբրահամյանն ունի 50 տոկոս մասնաբաժին։ Ընկերությունն ահազանգում է, որ Արա Աբրահամյանը փորձում է ապօրինի կերպով տնօրինել ընկերության ողջ մասնաբաժինը։ Գործն այժմ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է և քննվում է դատարանում։

Ռուսաստանում, սակայն, Արա Աբրահամյանի գործունեությունից դժգոհողների քանակն այսքանով չի սահմանափակվում։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում դատական հայց է նախապատրաստվում ռուսական «Սոգլասիա» ընկերության դեմ, որը սերտ առնչություն ունի Աբրահամյանի հետ։ Ըստ տեղեկությունների՝ այն պատկանում է Արա Աբրահամյանին, սակայն որպես գլխավոր տնօրեն նշվում է ոմն Անդրեյ Չիժիկովի անունը։

Բանն այն է, որ դեռ 2011 թվականին «Սոգլասիան» դիմել է «Վիա Վիտալիս» հայտնի ընկերությունների խմբին («Բարություն առանց սահմանների» ընկերության հիմնադիրներից մեկն է), Ռուսաստանում երիկամի քաղցկեղի դեմ պայքարող դեղի արտոնագիր ստանալու համար։ Գումարի մի մասը տալուց և պատվերը կատարելուց հետո, գործընթացն ընկել է հունի մեջ, սակայն հետագայում ընկերությունը առանց հիմնավոր պատճառաբանության հրաժարվել է վճարել մնացած մասը՝ խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է։ Այդպիսով, «Վիա Վիտալիս» ընկերությունը սնանկության եզրին է հասել և այժմ նրա գլխավորր տնօրեն Իրինա Ռատմանովան դատական գործ է հարուցելու «Սոգլասիա» ընկերության դեմ։ «Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել գործի մանրամասները՝ փաստաթղթերի տեսքով, որոնք առաջիկայում կներկայացնենք ձեր ուշադրությանը։