«Ես երբեք չեմ մեկնաբանում դատական նիստերը, դատական նիստերի ժամանակ ընդունված որոշումները, դատախազի մեղադրանքները կամ փաստաբանների արդարացումները: Սա իրավապահ մարմինների խնդիրն է, և ճիշտ չի լինի, եթե օրենսդիր մարմնի փոխնախագահը գնահատականներ հնչեցնի դատական նիստերի վերաբերյալ: Իմ ցանկացած գնահատական կարող է դիտվել որպես ուղղակի միջամտություն դատական իշխանության աշխատանքներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով մեղադրող դատախազի՝ Ժիրայր Սեֆիլյանի 11 տարվա, իսկ Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամսվա ազատազրկման պահանջին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ այստեղ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսելն անհեթեթություն է. «Չկա որևէ եվրոպական կառույց, որ նշի՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ազատազրկված են իրենց քաղաքական գործունեության համար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ ինչպես են ՀՀԿ-ում գնահատում Արմեն Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի, եթե ինքն առաջադրվի որպես նախագահի թեկնածու և ընտրվի, ապա լինելու է չորրորդ հանրապետության առաջին նախագահը։ «Ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել մեր հարգելի Արմեն Սարգսյանի հետ: Որպես պատմաբան՝ նշեմ, որ մենք շարունակելու ենք ապրել Երրորդ հանրապետությունում: Պարոն Արմեն Սարգսյանը գուցե դա ասել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր նախագահն իր լիազորություններով կտրուկ տարբերվելու է նախորդ երեք նախագահներից»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: