Հանգստյան օրերին կայացան Հայաստանի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները: Արդեն դժվար է Հայաստանի առաջնության խաղերում գրանցված արդյունքներն անակնկալ համարել, սակայն «Շիրակ»-ի հաղթանակը գործող չեմպիոն «Փյունիկ»-ի նկատմամբ այլ կերպ չի կարելի անվանել:
Վարդան Մինասյանի սաներն ամբողջ հանդիպման ընթացքում տարածքային և խաղային առավելություն ունեին, այդուհանդերձ, գյումրեցիների հակագրոհներն ավելի արդյունավետ էին: 30-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը, որից հետո «Փյունիկ»-ի գրոհներն էլ ավելի հաճախակի ու վտանգավոր դարձան, սակայն Մինասյանի սաներին ոչ մի կերպ չէր հաջողվում հավասարեցնել հաշիվը: 72-րդ րոպեին Գևորգ Հովհաննիսյանը կրկնապատկեց հաշիվը: Այդուհետ գոլեր չգրանցվեցին. «Շիրակ»-«Փյունիկ»` 2:0:
Մինչ այս տուրը մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ուլիս»-ը նույնպես չկարողացավ հաղթանակ տոնել. ետնապահ «Արարատ»-ի հետ պայքարում Սևադա Արզումանյանի սաները բավարարվեցին ընդամենը մեկ միավորով: «Արարատ»-«Ուլիս»` 1:1, գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Գրիգորյան, 17 («Ուլիս»), Գևորգ Կարապետյան, 44 («Արարատ»):
«Ուլիս»-ի անհաջողությունից օգտվեց «Գանձասար»-ը: Կապանցիները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեսցին «Միկա»-ին ու 25 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հանդիպման միակ գոլը 90-րդ րոպեին հեղինակեց Անդրանիկ Սարգսյանը:
Մրացաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում ընթացող «Բանանց»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Իմպուլս»-ի նկատմամբ և շարունակում է 6-րդ տեղում ընթացող «Շիրակ»-ից հետ մնալ մեկ միավորով:
12 տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.«Գանձասար» 25 մ.
2.«Ուլիս» 24 մ.
3.«Փյունիկ» 21 մ.
4.«Իմպուլս» 17 մ.
5.«Միկա» 15 մ.
6.«Շիրակ» 12 մ.
7.«Բանանց» 11 մ.
8.«Արարատ» 6 մ.
Լուսանկարը` Հակոբ Բերբերյանի (Armenpress)