Երևանում, փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ Ք. Կարապետյանը, մոտ 30 մետրից ավել շպրտվելով, տեղում մահացել է։
Դեպքի վայրից մի քանի խաչմերուկ այն կողմ ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են «90 TԼ 001» համարանիշ և կային կասկածներ, նշված համարանիշի ավտոմեքենայով է վրաերթը տեղի ունեցել։ Պարզվել է, որ գտնված համարանիշները KIA մակնիշի է և այն հաշվառված է 38-ամյա Գեղամ Հ.-ի անվամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայացել 33-ամյա Սևակ Հ.-ն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր եղբոր անվամբ հաշվառված KIA մակնիշի 90 TԼ 001 համարանիշի ավտոմեքենայով։
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։