«Միայն մեկ բան է փոխվել` մեր ընկերներն ազատության մեջ են, մնացածը մնացել է նույնը: Երկիրն ինչպես պատանդ էր այս վարչախմբին, այնպես էլ այսօր է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ի՞նչ է փոխվել քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո, կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
Նա նշեց, որ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը մնացել է անմխիթար, վարչախմբի իրականացրած կոռուպցիան լիարժեք գործում է, ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես եղել է շուրջ 12 տարի. «Ճիշտ է, որոշակի բարեփոխումների դրոշով Սերժ Սարգսյանը փորձում է խաղալ, բայց իրականում մեր հասարակությունն իր մաշկի վրա շատ լավ զգում է, որ էական փոփոխություններ դեպի լավը չեն եղել»:
Խոսելով հունիսի 30-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից` Մակեյանը նշեց, որ բարձրացվելիք հիմնական հարցը պետք է լինի իրավիճակն ամբողջական փոխելը և իրական ժողովրդավարության հիմքը դնելը: