Հաշվի առնելով այն, որ «Երկրապահը» երբեք ինքնուրույն քաղաքական կեցվածք չի դրսևորել, և որ հիմա էլ Մանվել Գրիգորյանն ակնարկում է, որ պատգամավոր դառնալու ցանկություն ունի, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք է հայտնում, որ «Երկրապահը» մտածում է այլ քաղաքական ձևաչափ ունենալու մասին, քան այն, ինչ ուներ Վազգեն Սարգսյանի ժամանակ։
Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ այդ ժամանակ «Երկրապահն» ստեղծվել է որպես քաղաքական ուժերից անկախ գործող կառույց։
«Պատերազմից հետո մենք ունեցանք մի մեծ խնդիր. ինչպես հարմարեցնենք զինվոր մարդուն քաղաքացիական հանգիստ կյանքին։ Այդ խնդիրը լուծելու համար մենք ստեղծեցինք «Միասնություն» դաշինքը, որտեղ ընդգրկվեցին շատ երկրապահներ»,- հիշում է Հմայակ Հովհաննիսյանը։
Ըստ քաղաքագետի՝ շատ վտանգավոր է քաղաքական ինստիտուտների համար, եթե «Երկրապահը» քաղաքական դաշտ մտնի և ունենա ավելորդ քաղաքական հավակնություններ։ Այդ անելու համար պետք է գաղափարական հիմքով ստեղծված միջավայր, ինչպիսին էր «Միասնություն» դաշինքը, այլապես դա մեծ մարտահրավեր կարող է լինել քաղաքական ինստիտուտների համար։