Նիժնի Նովգորոդում Ռուսաստանի և Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովը մասնագետները անհաջող են համարում: Բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոչ գոհացնող արդյունքների մասին խոսել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա մասնավորապես նշել է, որ Առևտրի միջազգային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցը կրկին հետաձգվել է: «Չնայած այն բանին, որ Ռուսաստանը կատարել է բոլոր առաջադրված պահանջները, այս գործընթացը ձգձգվում է: Մենք հույս ունենք, որ եվրոպացի գործընկերներն այս հարցում մեզ կաջակցեն»,- նշել է ՌԴ նախագահը:
Մեդվեդևը նաև ասել է, որ ԵՄ հետ առանց վիզաների ռեժիմի սահմանումը կրկին հետաձգվում է անժամկետ:
Չնայած այս ամենին, Ռուսաստանն, այդուհանդերձ, համաձայնել է բացել սահմանները եվրոպական բանջարեղենի համար: Արգելքը դրվել էր այն բանից հետո, երբ լուրեր էին տարածվել, թե Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում աղիքային հիվանդության համաճարակի պատճառը բանջարեղենում առկա մանրէներն են: