
Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության համար դատապարտված անձանց նկատմամբ՝ իշխանության դրսևորած մարդասիրական վերաբերմունքից: Հավանաբար շուտով ազատության մեջ կհայտնվի ևս մեկ առանձնապես ծանր հանցագործ:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկությունների համաձայն, առաջիկայում պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանությունը պատվիրած, սակայն առայժմ միայն Սեդրակի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի /Լեդի Հակոբ/ եղբորորդուն:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ՎԻՊ պայմաններում պատիժը կրող դատապարտյալը տեղի արտոնյալներից է. ի տարբերություն շատ բախտակիցների՝ նա կարողացել է պատժի կրման ընթացքում մարմնավաճառների ծառայություններից օգտվել, քաղաքացիական հիվանդանոցում բուժումներ ստանալ:
Համառ լուրերը վկայում են, որ Ստեփան Հակոբյանի ազատման «գինը» շատ բարձր է. հնարավոր է, որ նրան ազատեն պատժի կրմանը խոչընդոտող ինչ-որ ծանր հիվանդության հիմնավորմամբ, և նա արագ լքի Հայաստանը շատ երկար ժամանակով:
Չի բացառվում, որ դրանից հետո իրավապահները հետախուզում հայտարարեն նրա նկատմամբ, բայց՝ 5 տարի կասեցված այլ գործով. խոսքը 2013թ. հունվարի 13-ին, կասկածելի հանգամանքներում մահացած Անդրանիկ Զատիկյանի դեպքի մասին է /5 տարի առաջ՝ այդ օրը պետք է տեղի ունենար Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը՝ Սեդրակ Զատիկյանի սպանության մասով: Այդ օրը դեմ առ դեմ դատարանում պետք է հանդիպեին Անդրանիկն ու նրա եղբոր սպանության պատվիրատու հանցագործը, ինչը փաստորեն կանխվեց մեկ այլ հանցագործությամբ՝ ելնելով վերջինիս շահերից և գուցե նրան սատարող մութ ուժերի կողմից/:
Հիշեցնենք, որ մոտավորապես այդպիսի սցենար եղավ 2006թ-ին՝ Երևանի «բանկի կռուգ» կոչվող խաչմերուկում ինքնաձիգի կրակահերթերից սպանված նրա ավագ եղբոր՝ Սեդրակ Զատիկյանի գործով. սպանությունից հետո Ստեփան Հակոբյանը ձերբակալվեց, կարճ ժամանակ անց ազատ արձակվեց և անմիջապես անհետացավ՝ 5 տարի գտնվելով հետախուզման մեջ:
Նա հայտնաբերվեց, կալանավորվեց 2011թ.-ին և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. դեկտեմբերի 9-ի դատավճռով դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:
Փաստորեն այժմ նա կրել է իր պատժի գրեթե կեսը, և կամայականորեն օգտագործվող օրենքն իր հայեցողական սողանցքներով նրան պատժից ազատելու ձևական հնարավորություն է ստեղծում:
Ըստ ՀՀ քր. օր.-ի 79-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը եւ այլ հանգամանքներ»:
Եվս մեկ սողանցք. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.
3) առանձնապես ծանր հանցագործության համար, ինչպես նաեւ նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը»:
Թեև Ստեփան Հակոբյանի կատարած հանցանքի ծանրությունը, դրան հաջորդող և դրան առնչվող կասկածելի մահվան դեպքերը, բանտում մարմնավաճառների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակրի հետ զվարճանալու նրա կենսագրությունը պատժից վաղաժամկետ ազատելու հնարավորությունը պետք է բացառեն, սակայն կոռուպցիան այնքան խորը և լատենտային արմատներ ունի, որ չգիտես, թե որ պահին և դատաիրավական ու բանտային որ պաշտոնյայի դեմքով այն կգործի՝ հերթական վտանգը ստեղծելով հանրության և ազգային անվտանգության համար:
Հ.Գ. Ի դեպ, աղմկահարույց և ծանր հանցագործությունների գործերով ընդունված պրակտիկա կա քննչական, իրավապահ համակարգում. Գործը սառեցնում են 5 տարի, իսկ դրանից հետո կամ գործը շուռ տալիս տուժողի դեմ, կամ՝ հանցագործությունը կատարողին փախցնում, կամ՝ կարճ ժամանակ անց ազատում որևէ հիվանդության պատրվակով: Տեսնենք՝ այս անգամ պրակտիկան գործելու՞ է, թե՞ շեղում կլինի դրական իմաստով…