Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի ժամանեց Մոսկվա, որտեղ կգտնվի երկօրյա աշխատանքային այցով: Պատվիրակության կազմում են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, այլ պաշտոնյաներ:
Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, Սերժ Սարգսյանը մասնակցելու է նաեւ մի շարք միջոցառումների: Այսօր նա կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին, որի ժամանակ կանցկացվի ավանդական ամենամյա դրամահավաքը: Երեկոյին ներկա են լինելու ռուսաստանցի հայ գործարարները:
Ս.Սարգսյանի հիմնական հանդիպումները կայանալու են վաղը, երբ նա երկկողմ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Առավոտյան Ս.Սարգսյանը «Պրեզիդենտ» հյուրանոցում մասնակցելու է նաեւ Ռուսաստանի հայերի միության տասնամյա հոբելյանին նվիրված համագումարին: Նույն օրը երեկոյան Կրեմլում կլինի տոնական համերգ, որին նույնպես նա ներկա կգտնվի:
Նոյեմբերի 18-ի առավոտյան Սարգսյանը Հայաստանի դեսպանատանը պետական շքանշաններ կհանձնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին, Russia Today հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին եւ այլոց: