Հավաքական անվտանգության կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է միջամտելու Ղրղզստանի հարավում տեղի ունեցող զարգացումներին, եթե էթնիկական խմբերի միջև տեղի ունենա լարվածության աճ, որոնք պայմանավորված են 2010թ. դեպքերով: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այս պահին մենք հետևում ենք իրավիճակին և գիտենք սրացման նշանների մասին»,- ասել է նա:
Միաժամանակ Բորդյուժան հավելել է, որ Ղրղզստանի կառավարությունը իրականացնում է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ նոր զորամիավորումների տեղափոխում երկրի հարավ: «Սակայն եթե իրավիճակը շարունակի սրվել, ՀԱՊԿ-ն կընդունի համապատասխան որոշում: Համենայնդեպս, մենք պատրաստ ենք ցանկացած միջոցների դիմել և ունենք դրա հանարվորությունը»,- շեշտել է Բորդյուժան:
Հիշեցնենք, որ անցած տարի Օշ քաղաքում սկսվեցին միջէթնիկ բախումները, որոնք հանգեցրին միջէթնիկ հակամարտության երկրի հարավում: Ըստ պաշտոնական տվյալների՝ բախումների զոհ է դարձել 438 մարդ: Այս մասին հաղորդում է RBC-ն: