Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձավճարի բարձրացման պահանջով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը.
«Ռուսաստանը ցանկանում է երկարաձգել Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալումը։ Մենք պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն անհրաժեշտ է վերանայել պայմանները։ Վարձավճարի արժեքի ավելացումը պետք է համապատասխանի Գաբալայի ՌՏԿ-ի նշանակության աճին»։
Հիշեցնենք, որ «Դարյալ» տիպի Գաբալայի ՌՏԿ-ն շահագործման է հանձնվել 1985 թվականին: 2002 թվականին Ադրբեջանն այն վարձակալությամբ հանձնել է Ռուսաստանին, որը դրա դիմաց տարեկան 7 միլիոն դոլար է վճարում նրան: Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր: Այսինքն՝ նրա տեսադաշտում են գտնվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը: Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է 2012 թվականի օգոստոսին։