Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը Սևան քաղաքում բավականին զգուշավոր, սակայն սերտ հարաբերություններ է ստեղծել «Եհովայի վկաներ» կազմակերպության հետ. «Բանն այն է, որ կրոնական այդ աղանդը բավական ակտիվ գործունեություն է ծավալել Սևանում և ունի հազարավոր անդամներ: Ասում են, որ այդ քաղաքում նույնիսկ ամբողջական փողոցներ կան, որոնց բնակիչները Եհովայի վկաներ են: Եվ նրանք զգալի ընտրազանգված են կազմում Սևանում և առաջիկա ընտրությունների ժամանակ կարող են լուրջ գործոն դառնալ: Սևանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Հ.Մադաթյանն էլ ցանկանում է շահել այդ կազմակերպության անդամների ձայնը: Այդ իսկ պատճառով՝ նրանց հետ լավ հարաբերություններ է հաստատել և օգնում է նրանց գործունեությանը»,- տեղեկացնում է «168 ժամ»-ը:
Հ.Մադաթյանը երեկ թերթի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այդ լուրը, ընդամենն ավելացրել է, թե ինքը Սևանում կապ է պահպանում իր բոլոր ընտրողների հետ: Նա նաև ասել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկին մեծամասնական ընտրակարգով նույն ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունի: