Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե արդեն համաձայնեցված է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովն «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց.
«Եթե նման պայմանավորվածություն իրականում լիներ, ապա նրանք այդ մասին կբարձրաձայնեն Կազանի հանդիպման ժամանակ։ Նման համաձայնություն հաստատապես գոյություն չունի, և դա պարզապես կազանյան հանդիպումից առաջ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու փորձ է:»
Կռիլովի խոսքերով, Մամեդյարովի հայտարարությունը կասկածելի է, քանզի խնդրով հետաքրքրված երկրներից և ոչ մեկը չի պլանավորել հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում պատերազն այլընտրանք չունի, Կռիլովը նկատեց, որ դա Ադրբեջանի դիվանագիտական հռետորաբանության մի մասն է և նպատակ է հետապնդում հայկական կողմից ԼՂ հարցում զիջումներ կորզել. «Ոչ մի զարմանալի բան այս հայտարարություններում չկա: Կարծում եմ` պետք է սպասել կազանյան հանդիպմանը, և վերջինիս արդյունքները թույլ կտան դատելու հակամարտության ներկայիս փուլի մասին»: