Հունիսի 8-ին Բուխարեստում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:
Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաև ՍԾՏՀ դիտորդ երկրների, սեկտորային համագործակցության գործընկերների և հարակից կազմակերպությունների պատվիրակությունները, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրերի կարգավիճակով:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:
ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Ռումինիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բոլոր բնագավառներում արձանագրված առաջընթացը և դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարևորվեց կազմակերպության արդյունավետության հետագա բարելավմանը, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական օրակարգի խթանման նշանակությունը:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին մի քանի տասնյակ որոշումներ: Ռումինիան ներկայացրեց իր նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:
Հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռումինիայից փոխանցվեց Ռուսաստանին, որը կազմակերպությունը կպաշտոնավարի մինչև ընթացիկ տարվա վերջը: