Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի։
«Երբ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը մեզ տրամադրվեց, մենք պատշաճ և պարտաճանաչ կերպով այդ հերքումը տպագրեցինք մեր թերթում։ Մենք ձեռնարկել ենք համաչափ իրավական քայլեր՝ օրենքով մեզ վրա դրված պարտականությունը կատարելու համար, սակայն դատարանը սա հաշվի չառավ և տուգանեց»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց «Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը։
«Մենք մասամբ բավարարված ենք վճռից, որովհետև եթե 7 էպիզոդով մեր դեմ հայց էր ներկայացված, 6 էպիզոդով և բավականին լուրջ իրավական հիմնավորումներով, նախադեպերով հայցը մերժվեց։ Մի էպիզոդով հայցը մասնակի է բավարարվել, սակայն այդ որոշման հետ մենք նույնպես համաձայն չենք և ունենք համապատասխան իրավական հիմնավորումներ»,- տեղեկացրեց Բագրատ Եսայանը և հավելեց, որ պատրաստվում են բողոք ներկայացնել թե՛ վերաքննիչ դատարան, թե՛ բարձր ատյանների դատարաններ։
Մեր այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի դատական թեկուզ բարձր ատյաններից և նմանատիպ վճիռների դեպքում ի՞նչ այլ քայլեր կձեռնարկեն, «Երկրի» խմբագիրն արձագանքեց.
«Մենք պետք է սպառենք բոլոր հնարավորությունները։ Մեր ձեռքի տակ եղած ապացույցները կներկայացնենք դատական բոլոր ատյաններին, և հետագայում կհստակեցնենք, թե արդյոք հայկական դատական ատյանների հնարավորությունները սպառելուց հետո այդ որոշումներով գնալո՞ւ ենք Եվրոպական դատարան, թե՝ ոչ»։