Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին.
«2011 թվականը երկու երկրների համար բնութագրական է համագործակցության հետագա ընդլայնման առումով։ Մենք ակնկալում ենք ադրբեջանական կողմի հետ բարձր մակարդակի հանդիպումների շարունակություն։
Ռուսաստանն Ադրբեջանի համար շարունակում է մնալ որպես (ոչ նավթային ոլորտում) կարևոր առևտրա-տնտեսական գործընկեր: Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 70 տոկոսով։ Մենք հույսեր ունենք, որ այս տարի կգրանցվի առևտրի ռեկորդային ցուցանիշ։
Այդպիսի ցուցանիշ գրանցվել էր 2009 թվականին՝ 2.4 միլիարդ դոլար։ Տնտեսական ճգնաժամի պատճառով 2010 թվականին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 1.8 միլիարդ դոլարի, իսկ ահա այս տարի դա կարող է հասնել մինչև 2.7 միլիարդ դոլարի»։