Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի կարծիքով Դանիայի հետ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպումը կարող է պատմական դառնալ: «Ալբանիայի դեմ խաղը դժվար է, բայց հաղթեցինք 17 միավորի առավելությամբ, մրցակիցները չէին հանձնվում: Ես գոհ եմ, թե ինչպես էինք կարողանում միավորներ վաստակել: Հրաշալի խաղ ցույց տվեցին Չրաբաշը, Ալբերտը եւ Կոնստանտինովը:
Քիչ ժամանակ ունեինք մարզվելու համար, սակայն կենտրոնացված խաղ ցույց տվեցինք,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց մարզիչը:
Վերջինս հավելեց, որ Դանիան եւ Ալբանիան հավասարազոր մրցակիցներ չեն: «Դանիան տարիներ առաջ հաղթել է Գերմանիային եւ ունի ուժեղ խաղացողներ, ովքեր հանդես են գալիս Եվրոպայի ուժեղ առաջնություններում: Դանիայի դեմ հանդիպումը կարող է պատմական դառնալ մեզ համար»,-ասաց նա:
Բավցևիչի խոսքով ինքը եւ բասկետբոլի հավաքականի անդամները հույս ունեն լեցուն դահլիճ տեսնել: «Հույս ունենք, որ մեր երկրպագուները կլինեն դահլիճում: Մեր մրցակիցները վախեցած են հայ երկրպագուների աջակցությունից եւ բարձրաձայն խոսել են այդ մասին»,-եզրափակեց նա:
Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին նոյեմբերի 26-ին կմրցի Դանիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա «Միկա» մարզահամալիրում եւ կմեկնարկի 19.00-ին: Դանիայի հավաքականն արդեն ժամանել է Հայաստան: