Չնայած համաշխարհային տնտեսության անկմանը՝ ԱՊՀ երկրներն ի զորու են ձևավորել սեփական զարգացման օրակարգ, մշակել խոշոր ներդրումային նախագծեր, բարելավել գործարար միջավայրը՝ չսպասելով արտաքին կոնյունկտուրայի բարելավմանը՝ կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նման տեսակետ է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հանդիպմանը, որն այսօր մեկնարկել է Մինսկում: Այս մասին փոխանցում է RBK-ն:
Մեկնաբանելով վիճակը տնտեսական ոլորտում՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Համագործակցության երկրների տնտեսությունների աճը դանդաղել է՝ կրճատվում է առևտրաշրջանառությունը, նվազում են ներդրումների աճի տեմպերը:
Պուտինի կարծիքով՝ գլոբալ ճգնաժամի ազդեցությանն արդյունավետորեն հակազդելու համար անհրաժեշտ է զարգացնել ինտեգրացիոն կապերը: Այդ ուղղությամբ նա նշանակալի քայլ է անվանել ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու ստեղծման մասին 2011-ի պայմանագիրը: «Հուսով եմ, որ այն կզարգանա և դրական ազդեցություն կթողնի առևտրատնտեսական կապերի վրա»,- նշել է Ռուսաստանի նախագահը: