Դուբայում ստեղծագործող դիզայներ Թալար Նինան (Թալար Բիլեմջյան) պատմել է այն մասին, թե ինչպես են Հայաստան կատարվող ուղևորություններն ազդում իր ստեղագործության վրա։
«Հաճախակի ուղևորությունները Հայաստան իմ ոգևորության աղբյուրն են. ճարտարապետությունը, արվեստը, ասեղնագործությունը»,-ասել է նա արաբական Khaleej Times պորտալի հետ հարցազրույցում։
Երիտասարդ դիզայների բրենդը ստեղծվել է 2016 թվականին։ Նա շուտով Դուբայում կթողարկի «Արևելյան խոստում» անվանումով իր երրորդ հավաքածուն։ Թալար Նինան պատմել է, որ Հայաստանից բացի, ընտանիքի հետ շրջագայում է արաբական տարբեր երկրներով, որպեսզի ավելի լայն պատկերացում ունենա Արևելքի մշակույթի ու պատմության մասին։
Իր եկամուտների մի մասը ծագումով հայ դիզայները նվիրաբերում է Գյումրիի երեխաներին։
Թալար Նինան ծնվել է Լոս Անջելեսում՝ հայ միգրատների ընտանիքում։ Լոնդոնում ստացել է գեղարվեստական կրթություն, որից հետո տեղափոխվել է Դուբայ։