Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, թե Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ակտիվ ջանքեր է ներդնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար.
«Ես չեմ կարող մանրամասնել բանակցությունների ընթացքը, սակայն երբ մենք ասում ենք, թե Ռուսաստանը, որպես միջնորդ, անում է ամեն ինչ, ապա մենք չենք ստում։ Արդյունքում այժմ միջազգային հանրությունը լուրջ հնարավորություն ունի՝ հասնելու լուրջ պայմանավորվածության։
Բանակցությունների ժամանակ եղել են նաև հիասթափություններ, սակայն այժմ հուսադրող ժամանակշրջան է։ Բանակցություններն ընթանում են, համանախագահները տարածաշրջանում են, հունիսի 11-ին հանդիպելու են արտգործնախարարները, իսկ ամսվա վերջին՝ նախագահները։ Չեմ ցանկանում ոչինչ կանխատեսել, սակայն այդ ամենը հուսադրող է հակամարտության շուտափույթ կարգավորման առումով»։