73 երկրներ ներկայացնող՝ խոշտանգումների զոհերի վերականգնման 146 կենտրոններ կոչ են արել Բարաք Օբամային պատասխանատվության ենթարկել Ջորջ Բուշ կրտսերին, որը շարունակում է բացահայտորեն աջակցել կտտանքներին:
Օբամային հղված բաց նամակում Խոշտանգումների զոհերի վերականգնման միջազգային խորհրդի գործադիր կոմիտեի փորձագետ-անդամները նրան կոչ են արել նաև «կատարել ԱՄՆ-ի համապատասխան պարտավորությունները՝ երաշխավորելով, որ բոլոր նրանք, ովքեր ենթարկվել են կտտանքների ամերիկյան բանտերում, կարողանան փոխհատուցում ստանալ՝ ներառյալ համարժեք բժշկական և հոգեբանական օգնությունը»,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախկին նախագահը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես էր եկել կալանավորված անձանց նկատմամբ իր վարչակազմի օրոք լայնորեն կիրառված խոշտանգումների, ներառյալ` ջրախեղդ անելու պատրանքի, արդարացմամբ: Բուշը պնդել էր, որ այդ մեթոդներն օրինական են եղել:
Նամակի տակ ստորագրած անձինք նշում են, որ խոշտանգումն աշխարհում մարդու իրավունքների ամենալուրջ ոտնահարումներից է: