Կաննի միջազգային կինոփառատոնին հայկական տաղավարում ներկայացված «Խճճված զուգահեռներ» ֆիլմը հինգ տարի կցուցադրվի աշխարհի 40 երկրներում: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր-պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը, «Խճճված զուգահեռներ»-ի իրավատեր «Պարալլելս ֆիլմ պրոդաքշն» ընկերությունը և ֆիլմերի վաճառքով զբաղվող Insomnia World Sales կազմակերպությունը «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համաշխարհային տարածման պայմանագիր կնքեցին, որով ֆիլմը միացավ Insomnia կինոարտադրության ընտանիքին՝ հնարավորություն ստանալով ճանաչվել աշխարհի 40 երկրներում:
«Խճճված զուգահեռներ»-ը Հ.Գալստյանի առաջին ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 2009 թվականին՝ ստանալով մրցանակ Մոսկվայի կինոփառատոնի մրցույթում: Ֆիլմը 2009 թվականին ընդգրկվել է ԱՊՀ լավագույն ֆիլմերի ցանկում`արժանանալով դիստրիբյուցիոն առաջարկի: Ֆիլմի ռեժիսորը հույս հայտնեց, որ Կաննում կնքված այս պայմանագիրը հայկական կինոարտադրությունը մասնագիտացված կինոշուկայում ներկայացնելու շրջանի սկիզբը կդառնա: