ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ դաշինքի անդամ, երբ բոլոր 29 անդամ-երկրները համաձայնություն արտահայտեն։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանում բարեփոխումների կուրսին, փոխանցում է «Գռուզիա Օնլայնը»։
«ՆԱՏՕ-ն օգնում է Վրաստանին և Ուկրաինային բարեփոխումների հաստատման գործում։ Արդյունքում նրանց դաշինք հրավիրելու որոշումը պետք է ընդունեն 29 դաշնակիցները։ Այդ որոշմանն ու գործընթացին ոչ ոք չի կարող միջամտել։ Ապագան որոշելը հանդիսանում է պետության սուվերեն իրավունքը»,-նշել է Սթոլթենբերգը։
Սակայն նա ընդգծել է, որ դաշինքին միանալու համար երկրները պետք է բավարարեն մի շարք չափորոշիչներ, ինչպիսիք են պաշտպանական ինստիտուտների ամրապնդումը, ժողովրդավարության ուժեղացումը և կոռուպցիայի դեմ պայքարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցումը բացասաբար կազդի Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների վրա։