Գերմանիայում E.coli մանրէով պայմանավորված աղիքային հիվանդությունների նոր դեպքերը զգալիորեն նվազել են: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Դանիել Բարը՝ նշելով, որ այդուհանդերձ դեռ վաղ է ասել, թե վտանգն լիովին վերացել է:
Նախարարը նշել է, որ շարունակվում է հարուցիչի աղբյուրների փնտրտուքը, սակայն հնարավոր է, որ այն այդպես էլ չհայտնաբերվի: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այս պահին հայտնի է, որ աղիքային այս համաճարակի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ: Մոտ 2 հազար մարդ Գերմանիայում և 100-ը՝ եվրոպական այլ երկրներում շարունակում են հիվանդանոցում մնալ: Երեկ հայտնի է դարձել նաև, որ Եվրոպան պատրաստվում է փոխհատուցել բոլոր այն ֆերմաներին, որոնք տուժել են, այսպես կոչված, «վարունգային հիվանդությունից»: Սկզբնական փուլում որպես հարուցիչ էին համարվել իսպանական վարունգների մեջ հայտնաբերված մանրէները: Թեպետ հետագայում այս տեղեկությունները հերքվեցին, միևնույն է՝ այդ ոլորտին զգալի վնաս հասցվեց: