Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի սկզբում փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարություն արեց, որ Գևորգ Սաֆարյանը ՔԿՀ խցում ծեծի է ենթարկվել:
Գևորգ Սաֆարյանը դատական նիստին ներկա չէր, քանի որ նախորդ դատական նիստին նախագահող Տաթևիկ Գրիգորյանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել և չորս ժամով հեռացրել էր դատարանի դահլիճից: Դատական նիստին ներկա չէ նաև Գևորգ Սաֆարյանի ընտրած փաստաբան Տիգրան Եգորյանը, ով ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ դատարանից ծանուցումներ չի ստանում, այդ իսկ պատճառով չի ներկայանում դատական նիստերին:
Դատարանը Գևորգ Սաֆարյանի համար նշանակել է հանրային պաշտպան Աննա Ջովանովային, ում ծառայություններից Գևորգ Սաֆարյանը հրաժարվել է օգտվել:
Դատական այս նիստի ընթացքում Սաֆարյան Գևորգը բերվեց դահլիճ, նրա ճակատին առկա էին կապտուկներ, գլխի ճակատային մասում՝ վիրակապ: Երբ Գևորգ Սաֆարյանը առանց դատավորի թույլտվության խոսեց՝ պահանջելով, որ ներկա գտնվի իր փաստաբան Տիգրան Եգորյանը, նախագահողը դարձյալ սանկցիա կիրառեց և Սաֆարյանին հեռացրեց դատարանի դահլիճից:
Ըստ տեղեկությունների՝ Սաֆարյանը ՔԿՀ-ում տեղափոխվել է այլ խուց: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ Գևորգ Սաֆարյանը խնդրել է բոլորին հաղորդել, որ ամեն ինչ նորմալ է:










































