Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է արևմտյան շոու բիզնեսի և սպորտի՝ ամենից բարձր վարձատրվող մինչև 30 տարեկան 30 աստղերի վարկանշային աղյուսակը։
Ցուցակը գլխավորել է կանադացի երաժիշտ Էյբել Տեսֆայեն, ով առավել հայտնի է The Weeknd անունով։ 27-ամյա երգիչն աշխատել է 92 մլն դոլար։ Վերջին տարում (2016-ի հունիսի 1-ից 2017-ի հունիսի 1) նրա համերգային գործունեությունից եկամուտը կազմել է 75 մլն դոլար։
Երկրորդ տեղում է Կանադայի ևս մեկ ներկայացուցիչ՝ 23-ամյա փոփ կատարող Ջասթին Բիբերը՝ 83.5 մլն դոլար տարեկան եկամտով։
Երրորդ տեղը զբաղեցրել է 29-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը, ում վերջին ալբոմն ամենավաճառվածն է դարձել 2016 թվականին։ «25» սկավառակը վաճառվել է 1.73 մլն օրինակով։ Ալբոմի վաճառքի և համերգների հաշվին Ադելը ստացել է 69 մլն դոլար։
10-րդ հորիզոնականում է Քարդաշյան-Ջեններ կլանի ներկայացուցիչ Քայլի Ջենները, ով, լինելով 20 տարեկան, տարվա ընթացքում աշխատել է 41 մլն դոլար։
30 երիտասարդ հայտնիների ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 1.24 մլրդ դոլար։