Մինսկում անցած ամիս կայացած MILEX-2011 ռազմաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական «Սմերչ» կայանների նկատմամբ: Այս մասին ասել է «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Դիմիդյուկը,- հաղորդում է «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» ամսագիրը:
Նա նշել է, որ բազմաթիվ պատվիրակությունների հետ ընթացել են բանակցություններ: Դրանց մեջ է եղել նաև հայկական պատվիրակությունը. «Դրանք քաղաքավարության այցեր չէին, մենք քննարկել ենք կոնկրետ հարցեր»,- ասել է Դիմիդյուկը:
Նա հատուկ նշել է, որ հետաքրքիր բանակցություններ են եղել Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքություն են ցուցաբերել «Սմերչ» ռեակտիվ հրետանային համակարգերի նկատմամբ, ինչպես նաև քննարկվել են առկա զինատեսակների արդիականացման խնդիրները: «Այսքան սերտորեն ՀԱՊԿ անդամ երկրների հետ մենք երբեք չենք համագործակցել:
Օրինակ՝ խնդիր է դրված զենք մատակարարել այդ երկրներին ներքին գներով: Գործարանին դա միշտ չէ, որ ձեռնտու է: Նա վարկեր է վերցնում այդ զենքն արտադրելու համար: Մեր կարծիքով, ճիշտ կլիներ, եթե երկիրը, որը տեխնիկա է պատվիրում, երաշխավորի կանխավճարի տրամադրումը և պայմանագրի կատարումը»,- ասել է Դիմիդյուկը:
Նշենք, որ «Սմերչ» կայանի գինը շուրջ 12 մլն. դոլար է: