Կառավարության ուրբաթ օրվա նիստում քննարկվելու է «Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծին հավանություն տալու մասին» նախագիծը։ Նրանում նշված է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջանների 92 համայնքներում առկա են 27 պաշտոնական աղբավայրեր, որոնցից 5-ը՝ Սևանի, 5-ը՝ Գավառի, 12-ը՝ Մարտունու, 2-ը՝ Վարդենիսի և 3-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններում, և բազմաթիվ տարերայնորեն ձևավորված և չհսկվող աղբավայրեր:
«Այդ աղբավայրերը չեն համապատասխանում բնապահպանական և սանիտարական նորմերին, հանդիսանում են ջրերի, հողի և օդի աղտոտման աղբյուրներ, Սևանա լճի ավազանի ողջ տարածքում առաջացնում են բնապահպանական ու առողջապահական լուրջ խնդիրներ և խոչընդոտում են Սևանի էկոհամակարգի վերականգնմանն ու պահպանմանը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Բացի այդ՝ եռամսյա ժամկետում քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները համատեղ քննարկումներ են կազմակերպելու՝ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ աղբավայրերի տեղաբաշխման հաստատված ուրվագծով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորության հարցի վերաբերյալ։