ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով երեկ ժամանել է Վիեննա’ Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, պաշտոնատար այլ անձինք: Երեւանի ժամանակով ուշ երեկոյան ՀՀ վարչապետը կմասնակցի Ավստրիայի նախագահի կողմից կազմակերպված ընդունելությանը:
ՀՀ վարչապետը հունիսի 8-ին կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպման բացման լիագումար նիստին: Վարչապետը որպես բանախոս հանդես կգա «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:
Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումները Ավստրիայի դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաեւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ եւ ներկա կգտնվի ՀՀ ֆինանսների նախարարի կողմից «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի փոխառության համաձայնագրի» ստորագրման արարողությանը:
Հունիսի 9-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: