Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Սամվել Աբազյանը և Վաչագան Մանուկյանը, ովքեր կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են հիվանդանոց:
Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել՝ դին տեղափոխելու համար: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի 1-03 շտապօգնության թիվ 53 բրիգադը: