Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 7-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, գրանցել է Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոններում (RL1-017) կատարված փոփոխությունը: Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Նոր փոփոխության էությունը կայանում է նրանում, որ պատահարում հետիոտնի մեղքի առկայությունը չի կարող հիմք համարվել նրան պատճառված անձնական վնասների հատուցումը մերժելու համար:
Կանոնների փոփոխությունը միտված է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում հետիոտների շահերի պաշտպանությանը և նպաստելու է համակարգի առավել արդարացի լինելուն:
Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում և ուժի մեջ կմտնի 2011 թ. հունիսի 17-ին: