Մերձկասպյան պետությունների գագաթնաժողովը կարող է անցկացվել Աստանայում 2018 թ. սկզբին: Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարները կարող են հավաքվել դեկտեմբերին Մոսկվայում՝ գագաթնաժողովին պատրաստությունը քննարկելու: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
«Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, հիմա մենք փորձում ենք ավարտել այդ փաստաթղթի որոշակի մանրամասներ, գուցե հաջողվի ԱԳՆ ղեկավարներին հավաքել Մոսկվայում մոտավորապես դեկտեմբերին՝ արդեն գարնանը մոտ որոշիչ գագաթնաժողով կազմակերպելու համար: Այս անգամ այն պետք է Ղազախստանում տեղի ունենա, ըստ ամենայնի, Աստանայում»,- ասել է նա:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա ծրագրվում է ստորագրել Մերձկասպյան պետությունների հերթական գագաթնաժողովում: