Վրացական GHN լրատվականգործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին The New Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Վրաստանում Ռուսաստանի ունեցած քայքայիչ դերին.
«Վրացական կողմն ակնհայտ անհերքելի ապացույցներ ունի, որ Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) դիվերսիոն ստորաբաժանումներն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում պատրաստում են համապատասխան խմբեր՝ Վրաստանում պայթեցումներ իրականացնելու համար։ Մենք առգրավել ենք այդ ռումբերի մեծ մասը, սակայն դրանց մի մասը հաջողվել է պայթեցնել։
Նախորդ տարի Բաթումում սպանվեց վրացական ոստիկանության սպան (գնդապետ)։ Նույն տեխնոլոգիայով սպանվեց Յանդարբիևը։ Վրաստանի արևմուտքում նույնպես պայթյունից զոհվեց շրջանային վարչակազմի ղեկավարը։ Ռուսամետ կուսակցության շենքում ռումբի պայթյունից զոհվեց մի կին, և վերջապես ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը։
Այնպես որ, այս ամենն արձանագրված է թե՛ մեր, թե՛ օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից։ Այստեղ գործել են մի քանի դիվերսիոն խմբեր»։
Հիշեցնենք, որ երեկ էլ վրացական ոստիկանությունը կանխել էր Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պայթեցման փորձը։