Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը մասնակցել է Բաքվում մեկնարկած Caspian Oil and Gas 2011 («Կասպյան նավթ և գազ 2011») 18-րդ միջազգային ցուցահանդեսին։
Իր ելույթում Ալիևը նշել է.
«Գնալով աճում է աշխարհի հետաքրքրությունը նավթագազային ոլորտի նկատմամբ։ Բաքվի նավթը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ 1995 թվականից սկսած՝ Ադրբեջանի տնտեսության զարգացման գործում ներդրվել է 97 միլիարդ դոլար, որից 42 միլիարդը բաժին է ընկել նավթային ոլորտին։ Ներկայումս ադրբեջանական նավթն արտաքին շուկաներ է հասնում 3 ուղղությամբ, ինչը դիվերսիֆիկացիայի հնարավորություններ է ընձեռում («Բաքու-Թբիլիսի-Ջեյհան», «Բաքու-Նովոռոսիյսկ», «Բաքու-Սուփսա» (Վրաստան) նավթամուղներ.– 1in.am)։
Այժմ Ադրբեջանը համայն աշխարհում հայտնի է ոչ միայն որպես նավթի այլև՝ գազի մատակարար երկիր։ Դա առավել ընդգծվեց «Շահ Դենիզ» գազային հանքավայրի հայտնաբերումից հետո։ Մեր գազի ապացուցված պաշարները կազմում են 2.2 տրիլիոն խորանարդ մետր։ Դա մեզ և սպառողներին «կբավականացնի» ևս 100 տարի»։
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարեց, որ ցայժմ Ադրբեջանը համաշխարհային շուկաներ է առաքել 255 միլիոն տոննա նավթ և 22.2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Ադրբեջանի նավթային պաշարները գնահատվում են 30 միլիարդ բարել (1 բարելը հավասար է 159 լիտրի), իսկ գազային պաշարները՝ 5-6 տրիլիոն խորանարդ մետր:
Իսկ մայիսի կեսերին բրիտանական The Economist պարբերականը գրել էր. «Նավթային եկամուտները կազմում են Ադրբեջանի ՀՆԱ-ի 55 տոկոսը, սակայն դա չի կարող հավերժ տևել: Նավթի արտադրությունն Ադրբեջանում հասել է առավելագույն մակարդակի: Որոշ գնահատականներով, Ադրբեջանի նավթային պաշարները սպառվելու են 2028 թվականին»: