Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է 90 մլն ֆունտ ստերլինգ տրամադրել նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար:
«Ազնվականներ»-ի հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել «Տոտենհեմ»-ի և «Ուդինեզե»-ի կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Ալեքսիս Սանչեսը, ինչպես նաև «Սանթոս»-ի ու «Անդերլեխտ»-ի հարձակվողներ Նեյմարն ու Ռոմելու Լուկակուն: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Մոդրիչի համար «Չելսի»-ն արդեն 30 մլն է առաջարկել «Խթաններ»-ին, սակայն ակումբի նախագահ Դանիել Լևին հրաժարվել է բանակցություններ վարել: Չնայած իրավիճակը կարող է փոխվել, եթե Անգլիայի փոխչեմպիոնը որոշի զիջել Դիդիե Դրոգբային:
Բրազիլիայի հավաքականի հարձակվողի համար լոնդոնցիները պետք է վճարեն 20 միլիոնից ավելի գումար: Եթե անցյալ տարի նրանք հնարավորություն ունեին 15 մլն ֆունտով ձեռք բերել Նեյմարին, ապա այժմ բրազիլացու տրանսֆերային արժեքը բավականաչափ աճել է:
Ինչ վերաբերում է Ալեքսիս Սանչեսին, «Ուդինեզե»-ն իր հարձակվողին 22 մլն է գնահատում, սակայն նրան ձեռք բերելու համար «Չելսի»-ն պետք է պայքարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ինտեր»-ի հետ:
Թերթի պնդմամբ, լոնդոնյան ակումբն առաջիկա ամռանը պատրաստվում է ազատվել մի շարք ֆուտբոլիստներից, որոնց թվում են Ժոզե Բոսինգվան, Պաուլո Ֆերերյան, Նիկոլյա Անելկան, Ֆլորան Մալուդան և Յուրի Ժիրկովը: