Զորավարժությունները ոչ այնքան ռազմական միջոցառում են, որքան քաղաքական,- հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն՝ մեկնաբանելով ԼՂՀ-ում կայացած զորավարժությունները` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: «Ցանկացած զորավարժություն պետք է դիտարկել որպես ուժի, որպես սեփական դիրքորոշման, սեփական անդրդվելիության ցուցադրում: Նման զորավարժությունները կարող են անցկացվել նաև առանց նախագահի ու պաշտպանության նախարարի մասնակցության: Հայաստանի գերագույն հրամանատարի ու պաշտպանության նախարարի ներկայությունը վկայում է այդ երկրի անհաշտ դիրքորոշման մասին»,- կարծում է ադրբեջանցի փորձագետը:
Իսազադեն նշել է նաև, որ ցանկացած զորավարժություն, որպես կանոն, նվիրված է լինում ինչ-որ իրադարձության: «Այդ ցուցադրումը ոչ թե սեփական ժողովրդի համար է միայն, այլ նաև հարևանների, նաև միջազգային հանրության համար: Այդ գործողություններով հայերը ցանկանում են ցույց տալ իրենց անդրդվելիությունը, ստիպել Ադրբեջանին առավել զիջող լինել և ցույց տալ, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, նրանք` կարող են այլ քայլի դիմել»,- հավելել է Իսազադեն:
Ըստ նրա, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ համաժողովում կհավաքվեն մարդիկ, որոնք արդեն ձևավորված դիրքորոշում ունեն. «Հայերը հուսով են, որ այդ զորավարժությունները կազդեն Ադրբեջանի ղեկավարության վրա»,- ասել է նա՝ ըստ ադրբեջանական Day.аz -ի: