ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ «մեծ հայտնություն չկար» «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ Բելլա և Սեդրակ Քոչարյանների հայցի վերաբերյալ դատարանի հրապարակած վճռում։
«Ռոբերտ Քոչարյանի կերպարին հակացուցված է ազատ մամուլը։ Սա հերթական դրսևորումն է Ռոբերտ Քոչարյանի կողմից տրադիցիա դարձած գործելաոճի, երբ ազատ խոսքը փակելու ճանապարհ է ընտրում նման ֆինանսական պահանջներ ներկայացնելը»։
Ինչ վերաբերում է դատարաններին՝ Մուսինյանի գնահատմամբ, Հայաստանում անկախ դատարան չկա՝ վկայակոչելով Մարտի 1-ի գործերը, կենցաղային բազմաթիվ գործեր, ազատ մամուլի դեմ վճիռները։
Ըստ Մուսինյանի՝ դատարանների անկախության առումով, Քոչարյանի կառավարության տարիներից որևէ բան դեռ չի փոխվել, և այդտեղ երկու կարծիք լինել չի կարող։