Վրացական News Georgia կայքի փոխանցմամբ՝ Վրաստանն առաջին անգամ սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Արևելյան Եվրոպային, ինչն իրականացվում է Թուրքիայի տարածքով։
Այս կապակցությամբ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել է. «Վրաստանը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգաքաղաքական զարգացման մեջ։ ԵՄ-ի էլեկտրաէներգիայի մատակարար հանդիսանալու հանգամանքը հավելյալ գործառույթ կապահովի Վրաստանին, քանի որ վերջինս իրական պոտենցիալ ունի դառնալու Եվրոպայի էներգոապահովման համակարգի մի մասնիկը։ Դա նոր հարթության վրա կդնի Վրաստանի ու Եվրոպայի փոխհարաբերությունները։
ԵՄ-ը արդեն ընտրել է էլեկտրաէներգիայի մատակարարման 4 երկրների. Իսպանիան՝ Արևմտյան Եվրոպայի համար, Շվեյցարիան՝ Կենտրոնական Եվրոպայի համար, Նորվեգիան՝ Հյուսիսային Եվրոպայի համար և վերջապես Վրաստանը՝ Արևելյան Եվրոպայի համար։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Վրաստանի բոլոր էլեկտրակայաններում արտադրվել է վերջին 7 տարիների համար ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա՝ 10.1 միլիարդ կվտ/ժամ։ Ընդ որում, դրանից 9.3 միլիարդ կվտ/ժամն արտադրվել է հիդրոէլեկտրակայաններում, իսկ 0.8 միլիարդ կվտ/ժամը՝ ջերմաէլեկտրակայաններում։
Դրա համար էլ 2010 թվականին արտահանվել է 1.3 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, թեև նախապես պլանավորված էր արտահանել 700 միլիոն կվտ/ժամ։