ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը շարունակելու համար ակնկալվում էր, որ պետք է երկու կողմերից էլ ստեղծվեն պատվիրակություններ, որոնք էլ կբանակցեն հիմնական օրակարգային հարցերի շուրջ:
Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ հրապարակել է իր պատվիրակության կազմը, իսկ ՀՀԿ-ն՝ ոչ, և, դատելով ՀՀԿ-ականների հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ վերջիններս չեն էլ ցանկանում պատվիրակություն ձևավորել:
«Առաջին լրատվականի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ը ՀՀԿ-ի նման դիրքորոշմանը և ՀՀԿ-ականների՝ պատվիրակության ձևավորումը մերժող հայտարարություններին, Հայոց համազգային շարժում կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ պատվիրակության անդամ Սամվել Աբրահամյանը նկատեց. «ՀՀԿ-ականները շատ հայտարարություններ են անում, մենք սպասում ենք պաշտոնական պատասխանի և միայն այդ դեպքում կորոշենք մեր անելիքը»:
Աբրահամյանը նկատեց, որ պաշտոնական պատասխանն իրենք ակնկալում են թե՛ անձամբ Սերժ Սարգսյանից, թե՛ այն անձից, ով լիազորված կլինի վերջինիս կողմից:








































