Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

1956 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Մանկագիր Հ. Հայրապետյանի բնակարանում կատարված սպանության բացահայտումը

70-ամյա Նանեն մանկագիր Հ. Հայրապետյանի ընտանիքի հետ մտերմացել էր, հաճախ էր այցելում նրանց, օգնում էր տնային գործերում:

Բոլորը այդ կնոջը Նանե էին ասում, բայց իսկական անունը Մարգարիտ էր: Հոկտեմբերյանի շրջանից Երևան էր եկել, ընտանիք էր կազմել: Նրա ամուսինը մահացել էր շատ տարիներ առաջ, երեխաներ չէին ունեցել:

Նանեն հայտնի էր որպես բարի, առաքինի, աշխատասեր կին: Հայրապետյանները նրան էին վստահում իրենց բնակարանը, եթե քաղաքից բացակայում էին:

Մանկագիր Հայրապետյանի դուստրն ամուսնացել, հեռացել էր հայրական տնից: Մանկագիրն ու նրա կինն էին ապրում բնակարանում:

Երբ Հ. Հայրապետյանը Չեխոսլովակիայում հանգստանալու երկու ուղեգիր ձեռք բերեց, ամուսինները որոշեցին, որ իրենց բացակայությամբ բնակարանում կապրի ու բնակարանին տեր կկանգնի իրենց վստահելի մարդը՝ Նանեն: Վերջինիս համար հաճելի էր Հայրապետյանների տանը՝ Մարքսի փողոցում գտնվող շենքերից մեկի հարմարավետ բնակարանում  մնալը: Նանեի տունը հողածածկ ու խոնավ մի սենյակ էր՝ զուրկ կենցաղային հարմարություններից:

Հայրապետյանների՝ Չեխոսլովակիա մեկնելուց մոտ տասն օր անց հարևանները նկատեցին, որ երեք օր կլինի՝ Նանեն չի երևում, ներսուդուրս չի անում, իսկ բնակարանից տհաճ հոտ է գալիս: Բնակարանի դուռը ծեծեցին, արձագանք չեղավ: Հեռախոսին ոչ ոք չպատասխանեց: Հարևանները միլիցիա զանգեցին:

Հայրապետյանների բնակարանը երկրորդ հարկում էր: Իրավապահները բացեցին բնակարանի դուռը: Ներսում ոչինչ խառնված չէր: Նանեն պառկած էր խոհանոցի թախտին: Նա մահացած էր: Գլխի տակ փոքրիկ բարձ էր դրված: Բնակարանում տարածվել էր դիակի հոտը…

Իրավապահների ուշադրությունը գրավեց այն, որ խոհանոցի սեղանին դրված էին երկու ափսե, պատառաքաղներ, թեյի բաժակներ, չորացած հացի կտորներ ու «Պորտվեյն» գինու կես լիտրանոց մի դատարկ շիշ: Ափսեներից մեկի մեջ երշիկի մնացորդներ կային:

Մուտքի դռան փականը անխախտ էր: Բնակարանում կասկածելի հետքեր չհայտնաբերվեցին: Նանեի դիակի վրա էլ արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չհայտնաբերեց: Նանեի գրպանում 15 ռուբլի կար, մատին՝ ոսկե մատանի: Գույքի հափշտակության մասին կարծես թե խոսք լինել չէր կարող:

Նանեի տանը կատարված զննությամբ խնայդրամարկղի գրքույկ հայտնաբերվեց՝ 375  ռուբլի ավանդով:

Նանեի հարևանները տեղեկացրին, որ, ճիշտ է, Նանեն զավակ չուներ, բայց նրա սենյակն ու գույքը ոչ թե պիտի պետականացվի, այլ պետք է հանձնվի նրա հեռավոր ազգական Մացոյին, ով սովորում է Երևանի պրոֆտեխնիկական ուսումնարաններից մեկի երկրորդ կուրսում և նյութական շատ վատ պայմաններում է ապրում: Հարևանները գիտեին, որ Նանեն շատ հոգատար էր Մացոյի նկատմամբ, նրան անվանում էր իր թոռնիկը:

17-ամյա Մացոյին կանչեցին հարցաքննության: Նա հաստատեց, որ ինքը Նանեին համարել է իր տատիկը, շատ կապված է եղել հետը: Մացոն հարցաքննության ժամանակ աղեկտուր լաց եղավ, երբ խոսում էր Նանե տատիկի մասին:

Մացոն ասաց, թե երբեք չի եղել Հայրապետյանների տանը, չգիտի՝ որտեղ է այն գտնվում:

Միայնակ ապրող Նանեի դիակը Հոկտեմբերյան տանելու, այնտեղ հուղարկավորելու պահանջով իրավապահներին դիմեցին մի խումբ հոկտեմբերյանցիներ՝ ներկայանալով որպես Նանեի բարեկամներ:

Իսկ հուղարկավորությունից հետո նրանք սկսեցին գույքային պահանջներ ներկայացնել: Խոսում էին Նանեի փողերից, ոսկե զարդերից, նաև նրա տնակն էին պահանջում: Ներկայացածներից ոչ մեկը, սակայն, չկարողացավ ապացուցել իր ժառանգական իրավունքը:

Հուղարկավորությունից մոտ քսան օր անց ստացվեց դատաբժշկական փորձագետի եզրակացությունը՝ Նանեի մահը սրտի անբավարարության հետևանք էր: Մնում էր կարճել հարուցված քրեական գործը:

Այդ ընթացքում Չեխոսլովակիայից Երևան վերադարձան Հայրապետյան ամուսինները: Նրանք ներկայացան գործով քննիչին ու տեղեկացրին, որ իրենց բնակարանից կատարվել է գողություն՝ զգեստապահարանից գողացվել են երկու ճամպրուկներ՝ հագուստներով ու այլ իրերով, իսկ ճամպրուկներից մեկի մեջ կային նաև ոսկե զարդեր ու հին փողով՝ 3700 ռուբլի:

Հայրապետյան ամուսինները ոչ մի կասկած չունեին Նանեի վերաբերյալ:

Կատարվածը բացահայտելու համար նախ հարկավոր էր պարզել,  թե ո՞վ էր եղել Նանեի վերջին հյուրը, ո՞ւմ հետ էր նա սեղան նստել ու «Պորտվեյն» խմել: Անկասկած՝ դա եղել էր Նանեին շատ մոտ մարդ, եթե Նանեն նրան թույլ էր տվել մտնել Հայրապետյանների բնակարան:

Նորից հարցաքննեցին Հայրապետյանների հարևաններին: Վեց հարևաններից մեկը հիշեց, որ երկու անգամ տեսել է Նանեին այցելած մի տղայի՝ նիհար, գունատ, սև, գանգուր մազերով: Հարևանը Նանեին հարցրել էր՝ ո՞վ է այդ տղան: Նանեն պատասխանել էր, թե իր թոռնիկն է:

Մացոյին նորից հրավիրեցին հարցաքննության ու վերոհիշյալ հարևանին ճանաչման ներկայացնելու: Վերցրին Մացոյի մատնահետքերը:

Մացոն հարցաքննության ժամանակ կտրուկ ժխտեց Հայրապետյանների բնակարանում երբևէ լինելու հանգամանքը, ասաց, որ այդ տան տեղն էլ չգիտի: Բայց Հայրապետյանների հարևանը ճանաչման ներկայացնելու գործողության ժամանակ ճանաչեց Մացոյին:

Վերջինիս ձերբակալեցին: Հետքաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Մացոյի մատնահետքերը հայտնաբերվել էին Հայրապետյանների խոհանոցի սեղանին դրված գինու շշի, բաժակներից մեկի, ինչպես նաև զգեստապահարանի վրա:

Մացոն սկզբում ոչինչ չէր խոստովանում, բայց հետո, հավաքված փաստերի ճնշման տակ նախ տվեց իր հանցակիցների անունները՝ Վարդան ու Սամվել:

Մացոյին բացատրեցին՝ քանի որ դեռ 18   տարին չի բոլորել, առավելագույն պատիժը, որ կստանա ծանր հանցագործության համար՝ 10 տարի ազատազրկումը կարող է լինել:

Ի վերջո, Մացոն հայտնեց, որ Վարդանն ու Սամվելը իր մորաքրոջ որդիներն են: Իրենից 6-7 տարով մեծ են: Մի քանի ամիս առաջ են վերադարձել կալանավայրից՝ Վարդանը դատապարտվել էր գողության, իսկ Սամվելը՝ դանակահարության համար:

Մացոն ասաց, թե ընկել է Վարդանի ու Սամվելի ազդեցության տակ, սովորել է խմել, ծխել:

Երբ Վարդանն ու Սամվելն իմացել են, որ Մացոյի ազգականուհի Նանեն ապրում է գրող Հայրապետյանի հարուստ բնակարանում, ստիպել են, որ Մացոն այդ բնակարանից գողություն կատարի:

Նրանք Մացոյին տվել են մի շիշ «Պորտվեյն», հաց, երշիկ ու հանձնարարել են գնալ Նանեին տեսակցության:

Մացոն պետք է Նանեին լավ խմեցներ, քնեցներ, ապա բարձը դներ Նանեի դեմքին, սեղմեր, մինչև Նանեն անշնչանար: Հետո Հայրապետյանների բնակարանից նա պետք է գողանար արժեքավոր իրեր, իջներ բակ, որտեղ սպասելու էին Վարդանն ու Սամվելը:

Վերջիններս Մացոյին բացատրեցին, որ եթե Նանեն ողջ մնա, իրենց կմատնի:

Մացոն խոստովանեց, որ ճշտությամբ կատարել է Վարդանի ու Սամվելի հրահանգները: Երբ Նանեն երկու բաժակ գինի խմելուց հետո շշմել է, Մացոն նրան պառկեցրել է խոհանոցի թախտին, բարձը դրել է դեմքին ու սեղմել է: Նանեն նայել է Մացոյին ու ասել է. «Մա՛ցո ջան, էդ ի՞նչ ես անում»:

Մացոն պատասխանել է. «Ոչ մի բան, տա՛տ, դու հանգիստ քնի»:

Նա շարունակել է բարձը սեղմել Նանեի դեմքին, մինչև տարեց կինը ձգել է ոտքերն ու անշարժացել է: Նույն բարձը Մացոն դրել է Նանեի գլխատակը: Գնացել է ննջասենյակ, բացել է զգեստապահարանը, վերցրել է երկու ճամպրուկներն ու դուրս է եկել բնակարանից: Դուռը քաշել-փակել է, իջել է բակ: Երբ բակից դուրս է եկել, նրան են մոտեցել Վարդանն ու Սամվելը, պատահական մեքենայով գնացել են Վարդանենց տուն, ճամպրուկները թաքցրել են նկուղում: Վարդանն ու Սամվելը սպառնացել են, որ կատարվածի մասին հայտնելու դեպքում Մացոյին կսպանեն:

Ճամպրուկներում եղած փողից՝  3700 ռուբլուց  200 ռուբլի էին տվել Մացոյին, ասել էին, որ այդքանն էլ նրան բավական է, իսկ մնացած փողով, ասել էին, թե կալանավայրի իրենց ընկերների համար ուտելիք ու հագուստ են գնելու…

Իրավապահները գնացին Վարդանենց ու Սամվելենց տուն, խուզարկեցին Մացոյի ասած նկուղը: Գողացված ճամպրուկները դեռ այնտեղ էին: Հայրապետյանների թվարկած բոլոր ապրանքներն ու զարդերը տեղում էին, բացի՝ մեկական ոսկե մատանուց ու շղթայից: Չկար նաև գումարը՝ 3500 ռուբլին: Մատանին նույն օրը հայտնաբերվեց Սամվելի սիրած աղջկա մատին, իսկ շղթան՝ Վարդանի քրոջ պարանոցին : Վարդանն ու Սամվելն ասացին, թե գումարը բաժանել են իրար մեջ ու ծախսել են:

Սպանության բացահայտումից հետո Նանեի դիակի արտաշիրմում կատարվեց: Դատաբժշկական նոր եզրակացությամբ՝ Նանեի մահը հետևանք էր թթվածնային քաղցի:

Նանեի բազմաթիվ նորահայտ «բարեկամներից» ոչ մեկը արտաշիրմումին ու նոր հուղարկավորությանը ներկա չէր:

Նանեի տունն ու գույքը պետականացվեցին:

Մացոն դատապարտվեց 10 տարի, իսկ Վարդանն ու Սամվելը՝ 15-ական տարի ազատազրկման:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում