2010 թ. հունվար-փետրվարին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հանրապետության բոլոր մարզերի 321 գյուղական բնակավայրերի 10709 գյուղացիական տնտեսություններում անց է կացվել անասնագլխաքանակի հաշվառում։ Արդյունքում՝ այս տարի հանրապետությունում հաշվառվել է 296 հազար 87 այծ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այծերի գլխաքանակը ավելացել է 2.8%-ով: Գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այծերի բազմացմանը նպաստեց ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի նախաձեռնությամբ սկսված այծերի բազմացման ծրագիրը: «Նրանք Վայոց Ձոր են ներմուծել 4 ցեղի այծեր, որոնք աչքի են ընկնում կաթնատվությամբ, միաժամանակ նրանց խաչասերում էին տեղական այծերի հետ, որպեսզի տեղական այծերի կաթնատվությունը բարձրանա: Ծրագիրը հաջողվեց, սակայն, ցավոք, լայն տարածում մինչ օրս չի գտել: Հավանաբար, ցեղերի ընտրությունը ճիշտ չեն կատարել, որովհետև մեր նախարության հետ չեն համաձայնեցրել։ ԱՄՆ գյուղդեպարտամենտը ինքնուրույն է այդ տեսակաները բերել: Արդյունքում՝ ցավոք, որոշ տեղական այծերի հետ խաչասերումը չստացվեց: Առաջնթացն էական չէ, բայց այծերի գլխաքանակը համեմատաբար ավելացել է»,- պարզաբանեց Աշոտ Հովհաննիսյանը: